Բարսելոնայում ահաբեկչությունից 18 երկրի քաղաքացի է տուժել. Նախնական տվյալով, նրանց թվում հայեր չկան

Բարսելոնայում ահաբեկչությունից 18 երկրի քաղաքացի է տուժել. Նախնական տվյալով, նրանց թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Բարսելոնայում օգոստոսի 17-ին ահաբեկչություն է եղել՝ զբոսաշրջիկներով լի Ռամբլ փողոցում ֆուրգոնի վարորդը քշել է անցորդների վրա, ինչի արդյունքում 13 մարդ է զոհվել, մոտ 100-ն էլ վնասվածքներ ստացել:

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Բարսելոնայում միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ Deutsche Welle-ի, ահաբեկչության ընթացքում առնվազն 18 երկրի քաղաքացի է տուժել. նրանք Ավստրալիայից են, Ալժիրից, Արգենտինայից, Բելգիայից,Հունգարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Հունաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Չինաստանից, Կուբայից, Մակեդոնիայից, Նիդերլանդներից, Պերուից, Ռումինիայից ու Ֆրանսիայից, տեղեկացնում է Meduza-ն:

Վերջին տվյալներով, ֆուրգոնի վարորդին հաջողվել է թաքնվել:

Օգոստոսի լույս 18-ի գիշերն իսպանական Կամբրիլսում, որը Բարսելոնայից 120 կմ հեռավորությամբ է, ֆուրգոնի գործածմամբ ահաբեկչություն կազմակերպելու ևս մեկ փորձ է ձեռնարկվել. 6 մարդ վիրավորվել է: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 5 հնարավոր ահաբկչին: Ըստ նախնական տվյալների, ահաբեկիչների հագին պայթուցիկով գոտիներ են եղել:

Մինչև այդ, օգոստոսի 17-ին մեկ այլ՝ Կատալոնիայում գտնվող Ալկանար քաղաքում, որը Բարսելոնայի ու Կամբրիլսի արանքում է, պայթյուն է որոտացել: Ըստ իրավապահների, պայթուցիկի պատրաստման փորձ էր արվում:

Կատալոնիայի իրավապահների ղեկավարությունն ավելի ուշ հայտարարել է, որ Բարսելոնայի ահաբեկչությունը, Կամբրիլսի ահաբեկչության փորձն ու Ալկանարում պայթյունը փոխկապակցված են:

Ահաբեկչություններին մասնակցության սպառնալիքով երեք մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը Մարոկկոյից Դրիս Ուքաբիչը: Բարսելոնայում ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին օգոստոսի 18-ին ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---