Նախագահներ Սարգսյանն ու Պուտինն ամփոփել են ՀՀ-ՌԴ գործակցության տարիների արդյունքերը

Նախագահներ Սարգսյանն ու Պուտինն ամփոփել են ՀՀ-ՌԴ գործակցության տարիների արդյունքերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 23-ին Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռազմավարական գործընկեր երկու պետության ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Նախագահ Պուտինը, ամփոփելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետության միջև հարաբերությունները լուրջ կերպով ամրապնդվել են:

«Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ գործակցություն և տնտեսական, և անվտանգության, և ռազմական ոլորտներում: Ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասել է ՌԴ նախագահը:

Իր հերթին նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը. կա մշտական ինտենսիվ երկխոսություն, արտաքին քաղաքական լայն համակարգում, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ գործակցություն, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում գործակցություն:

«Մեր առևտրատնտեսական հարաբերությունները ինտենսիվ կերպով զարգանում են: Անցած տարի մենք ունեցանք առևտրաշրջանառության 15 տոկոսանոց աճ: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում այն ավելացել է գրեթե 24 տոկոսով: Մշտական է մեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների միջև կապը: Մշտապես զարգանում է նաև միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում գործակցությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ ամենին նպաստում են բարձրագույն և բարձր մակարդակներում մշտական այցերը:

Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ռուսական կողմի ցուցաբերած օգնության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---