Հայաստանի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին` 2007թ. դեկտեմբերին ՌԴ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ նրա նախագահությամբ աշխատանքներն սկսած նոր գումարման պետական դումային մաղթել բեղմնավոր օրինաստեղծ գործունեություն եւ հաջողություններ:



Խոսելով հայ-ռուսական գործընկերության զարգացման մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են` մեր երկրի տնտեսության մեջ կայունորեն աճում են ռուսական ներդրումները, ապրանքաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 60 տոկոսով: Ըստ նրա, երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են միջկառավարական, խորհրդարանական մակարդակներում, վերջին 15 տարիներին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք ներառում են երկկողմ փոխշահավետ համագործակցութան բոլոր ոլորտները: Երկուստեք կարեւորվել են նաեւ հաճախակի տեղի ունեցող տարբեր մակարդակի փոխայցելությունները:



Բորիս Գրիզլովն ընդգծել է, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններից հետո սա արտերկիր իր առաջին այցն է, ինչը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ գործընկերության, հարաբերությունների առավել սերտացման կարեւորության մասին: Նա նշել է, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի հետ ունեցել է տեւական եւ ամուր գործընկերային հարաբերություններ, եւ հաջողություններ է մաղթել նրան` առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը:



Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ տնտեսական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրին ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը:



Երկկողմ հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցներն ընդգծել են միջկուսակցական համագործակցության դերը եւս: ՌԴ պետական դումայի ղեկավարը կարեւորել է փոխգործակցության հաստատումն իր ղեկավարած «Եդինայա Ռոսիա»-ի եւ ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ու նրա հետ քաղաքական կոալիցիայում գտնվող ԲՀԿ-ի միջեւ, որն իր արտահայտությունն է գտել հիշյալ կուսակցությունների միջեւ այսօր ստորագրվելիք համաձայնագրերում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---