Զորակոչի կազմակերպումը վերանայվում է. Տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը կվերացվի

Զորակոչի կազմակերպումը վերանայվում է. Տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը կվերացվի

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերում կվերացվի «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը: Սա Կառավարության՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրինագծով նախատեսած մի շարք վերանայումներից մեկն է:

Բացի այդ, օգոստոսի 31-ի նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Այդ մասին հայտնում են գոծադիրի մամուլի ծառայությունից:

Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման, ռազմատրանսպորտային պարտականության հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրինագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս նախագծերով նախ լուծվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր իրավական կարգավորումների պահանջը: Ըստ նախարարի՝ վերոնշյալ երկու օրինագծերում միավորվել են 7 գործող օրենքներ: Օրինագծերի նպատակն է նաև իրավական հիմք ապահովել նոր քաղաքականության համար:

«Դրա մեջ է մտնում նաև հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի առաջիկա զորակոչից սկսած այդ ծրագրերը կյանքի կոչել», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով առաջարկում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե՝ ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»:

Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---