Եթե ԱՄՆ-ում նախագահ դառնա դեմոկրատ թեկնածուներից մեկը, երկրի քաղաքականությունն Իրանի նկատմամբ կփոխվի

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ում նախագահ դառնա դեմոկրատ թեկնածուներից մեկը, երկրի քաղաքականությունն Իրանի նկատմամբ կփոխվի: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի նախկին տեղակալ, Բոսնիայի հարցով դեյթոնյան համաձայնագրերի հեղինակ եւ Հիլարի Քլինթոնի խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Թեհրանի հետ: Ֆրանսիան կարող է մեզ օգնել այդ հարցում, քանի որ նա Իրանի հետ ուղիղ երկխոսություն է վարում: Բուշի աշխատակազմը աբսուրդ գաղափարներ ուներ, կարծելով, թե կարելի է պատերազմել Իրաքում եւ միաժամանակ սպառնալ Իրանին: Այդ մոտեցումը սխալ է. դրանում է կայանում հանրապետականների եւ դեմոկրատների տարաձայնությունների գլխավոր պատճառը: Թեհրանի հետ պետք է խոսել ոչ միայն միջուկային ծրագրի մասին, այլեւ «Համասի», «Հեզբոլահի», էներգետիկայի եւ Իրաքի մասին»,- ընդգծել է նա:



Հոլբրուքը նաեւ նշել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տվյալները Իրաքի կողմից ռազմական միջուկային ուսումնասիրությունների դադարեցման մասին դեռեւս 2003 թվականին, էապես փոխել են դրությունը: «Դա հատուկ ծառայությունների պատասխանն էր, ովքեր չցանկացան խամաճիկների դերում հայտնվել, ինչպես Իրաքի դեպքում էր: Այդ զեկույցը, որը ապշեցրեց բոլորին, առաջին հերթին հենց նախագահին, օգնեց ողջ աշխարհին. այժմ Բուշի աշխատակազմը չի կարողանա հարձակվել Իրանի վրա: Հնարավոր է, փոքրամասնությունը դեռ կփորձի, սակայն ոչինչ չի ստացվի. դրան դեմ կլինի մեր գլխավոր շտաբի ղեկավարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսը»,- ասել է Հոլբրուքը Le Monde-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---