Աննա Մելիքյանը՝ Մալկովիչի մասին. «Նկարահանումներից հետո նա ոտքով հյուրանոց էր գնում»

Աննա Մելիքյանը՝ Մալկովիչի մասին. «Նկարահանումներից հետո նա ոտքով հյուրանոց էր գնում»

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանը ներկայացրել իր «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» ֆիլմը, որտեղ հանդես է եկել որպես պրոդյուսեր: Ֆիլմում նկարահանվել է հայտնի հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը, գրում է Filmpro.ru-ն:

Նոր «Սիրո մասին. Միայն մեծահասակների համար» ֆիլմը բաղկացած է մի քանի կարճամետրաժ նովելներից, որոնց կապող օղակը Ջոն Մալկովիչն է, որը կատարում է տղամարդկանց և կանանց հարաբերությունների մասին թրենինգի մոդերատորի դերը: Առաջին «Սիրո մասին» ֆիլմի ռեժիսոր Աննա Մելիքյանն այժմ հանդես է գալիս որպես պրոդյուսեր:

«Պարզվում է, հնարավոր է հոլիվուդյան աստղի ներգրավել աշխատանքում: Դա հնարավոր է, եթե պաշտոնական ճանապարհով գնաս, ուղղակի դա երկար է տևում: Ես զգացի, որ նրանք նորմալ, կենդանի մարդիկ են: Եթե կա ինչ-որ հետաքրքիր նախագիծ, սկզբունքորեն, ցանկացած աստղի կարելի է ներգրավել: Բայց, իհարկե, այստեղ խոսքը գումարի մասին չէ, այլ հետաքրքրության»,-ասել է Մելիքյանը՝ պատմելով, թե ինչպես է հաջողվել համագործակցություն հաստատել Մալկովիչի հետ:

Մելիքյանը նշել է հոլիվուդյան դերասանի համեստությունը, ի տարբերություն որոշ ռուս աստղերի:

«Նա ընդհանրապես ոչ մի պահանջ չուներ: Անշուշտ, մենք նրան շարժական տնակ տրամադրեցինք, սնունդով ապահովեցինք, բայց պարզվեց, որ նա չի սնվում նկարահանումների ժամանակ՝ էներգիան միայն աշխատանքի վրա ծախսելով: Այնպես որ այդ շքեղ տնակը դատարկ էր մնում: Ճաշի ժամին նա չի ճաշում: Երբ նկարահանում էինք Արբատում, նա այդ ժամին ուղղակի զբոսնում էր: Հետո խոստովանեց, որ ուղղակի ատում է դերասանական այդ տնակները, որտեղ դերասանը մենակ է, մի տեսակ պաթոսային, կտրված աշխարհից: Նկարահանումներից հետո նա քայլելով գնում էր հյուրանոց: Առանց ուղեկցության, թիկնապահներից հրաժարվել էր: Նրան ճանաչում էին, մոտենում»,-պատմել է Մելիքյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ջոն Մալկովիչը կժամանի Հայաստան՝ հոկտեմբերի 11-ին մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման արարողությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---