«Կումայրին», «Մայքրոսոֆթն» ու նոր աշխատատեղերը. Վարչապետը Գյումրիում է

«Կումայրին», «Մայքրոսոֆթն» ու նոր աշխատատեղերը. Վարչապետը Գյումրիում է

PanARMENIAN.Net - «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցությանը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:

Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:

Մարզի տնտեսավարող սուբյեկտների և օտարերկրյա ներդրողների կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Գյումրիում և Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է, և պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաև վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:

Տեղեկացվել է, որ մարզում ընթացիկ տարվա առաջին 7 ամսվա ընթացքում արձանագրվել է համայնքների սեփական եկամուտների 15 տոկոսի աճ, մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 9 հազար 500 դրամ, ինչը բավականին բարձր է մի շարք մարզերի մարզերի ցուցանիշներից:

Վարչապետը հետաքրքրվել է այլ մարզերի նկատմամբ համայնքների սեփական եկամուտների հետ կապված վերլուծությունների ընթացքից և գոհունակություն հայտնել կատարվող աշխատանքներից: «2018 թվականին համայնքների բյուջեների պլամանավորման ժամանակ համայնքնապետերին մաքսիմալ պետք է օգնենք և հիմնավորենք, որ նրանք ունեն զարգացման մեծ հնարավորություններ: Սեփական եկամուտների հորիզոնը հստակ սահմանելու ենք ու քայլ առ քայլ գնալու ենք առաջ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել 1763-ի հետ: Վարչապետը կարևորել է աղբահանության ուղղությամբ տեղական բյուջեների ճիշտ կազմակերպումը: «Խնդիրը դնում ենք շատ կոշտ և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են նաև Շիրակի մարզում առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, տեղեկետվական տեխնոլոգիաների ոլորտներում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, համայնքային զարգացման բնագավառներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տեղեկատվություն է ներկայացվել կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---