ՌԴ-ն $1 մլն կտրամադրի ՀՀ-ին հրդեհների կառավարման ծրագրով

ՌԴ-ն $1 մլն կտրամադրի ՀՀ-ին հրդեհների կառավարման ծրագրով

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Ծրագիրը կիրականացվի Ռուսաստանի ֆինանսավորմամբ՝ եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն դոլար:

«ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը», - միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, հայտնում է Aysor.am-ը:

«Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը»,-հավելել է նա:

Իսկ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին:

Ծրագիրը ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար:

Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագրի կողմից կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանը ուղղված այլընտրանքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---