Նալբանդյան. 10-ը երկրից բլոգերների նոր խումբ է մեկնում Արցախ

Նալբանդյան. 10-ը երկրից բլոգերների նոր խումբ է մեկնում Արցախ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին 10-ը երկրից բլոգերների նոր խումբ է մեկնելու Արցախ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի ազդեցությանը Արցախ այցելությունների վրա:

Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած և նրան մեղանչական նամակ հասցեագրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը մեկնել է Իսրայել:

«Բլոգերներից մի քանիսը պատրաստվում են նաև նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Ղարաբաղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից և հրավիրելով զբոսաշրջիկներին այցելել Արցախ: Սա է արձագանքը: Եվ ոչ միայն բլոգերներ... Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, «սև ցուցակներ» է կազմում և այլն։ Սակայն փաստ է, որ Ղարաբաղ այցելող թե՛ պատգամավորների, թե՛ քաղաքական և թե՛ մշակութային գործիչների թիվն ավելանում է, և այդպես էլ կշարունակվի»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո մոտ տասը երկրներից բլոգերներ այցելեցին Ղարաբաղ, նշելով, որ այս ընթացքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճեց:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին հասցեագրված Լապշինի մեղանչական նամակին, ապա ըստ Նալբանդյանի, թե ինչպես է հաջողվում Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի մեղանչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր այդ երկրի իշխանությունների հետապնդումներից փախչելով գտնվում են այսօր արտասահմանում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի իշխանություններին չես կարող ստիպել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն, այլ քաղաքականություն վարեն: Նրանց վարքագիծը այն բանի հետևանք է, որ գտնվելով ջղաձգային իրավիճակում՝ շարունակում են իրենց փորձերը, որոնք հակառակ արդյունք են տալիս: Դա է կարևորը:...Ձեզ ծանոթ է միջազգային հանրության արձագանքը: Դուք հիշում եք, որ որոշ երկրներից հնչեց համապատասխան արձագանք։ Մի քանի հայտարարություն արվեց արտգործնախարարությունների կողմից նաև «սև ցուցակների» վերաբերյալ, հայկական ազգանուններ ունեցող մարդկանց օդանավակայանից հետ ուղարկելու վերաբերյալ»,-հավելել է նախարարը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---