Վարչապետ. Նկարչություն չլինի, գյուղացիների պարտքերը կզիջվեն փաստաթղթերի առկայության դեպքում

Վարչապետ. Նկարչություն չլինի, գյուղացիների  պարտքերը կզիջվեն փաստաթղթերի առկայության դեպքում

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է գյուղացիների կուտակած պարտքերը զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում զանազան ծրագրերով գյուղացիներին տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:

Վարչապետն ընդգծել է, որ խոսքը 2012-2016 թվականների ընթացքում ձևավորված պարտքի մասին է: Նա հիշեցրել է, որ դեռևս մայիսին տրվել էր հանձնարարական, որպեսզի կազմեն ցանկն այն գյուղացիների, ովքեր դեռևս պարտքեր ունեն, հայտնում է Aysor.am-ը:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ դիմել են Տարածքային կառավարման նախարարություն ու մարզպետարաններ, որպեսզի հասցեատերերի ցուցակները ներկայացնեն, սակայն դեռևս հստակ չկան ցուցակները, քանի որ մարզպետարանները տրամադրում են դրանք, հետո պարզվում է, որ թերի են լինում, նորից հետ են տալիս, նորից լրացումներ կատարում:

«Մինչև չլինեն անվանական ցուցակները, չենք կարող ամփոփել ու ներկայացնել կառավարություն», - ասել է Իգնատի Առաքելյանը:

«Այս տարի սուբսիդավորման սերմ, պարարտանյութ, դիզվառելիք, դրանց մեխանիզմների տրամադրման ժամանակ ֆինանսական կարգապահությունը 100 տոկոսվ է եղել: Մենք որոշել ենք, որ այն պարտքերը, որոնք կուտակվել են գյուղացիների մոտ, զիջել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և մաքուր էջից սկսել, քանի որ պրակտիկան թույլ է տալիս առանց պարտքերի կարգավորել այդ խնդիրը», - հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Նա հորդորել է մարզպետներին մեկ ամսվա մեջ կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը ու ներկայացնել:

Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարել է պարտքի ցանկը ստանալուն պես համապատասխան առաջարկություն ներկայացնել պարտքերի զիջման մեխանիզմների կիրառման վերաբերյալ:

«Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ գնում ենք, բոլոր միջնորդ կազմակերպություններին հանում ենք, աշխատում ենք ուղիղ հասցեատիրոջ հետ, մի անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին ու գնում ենք առաջ», - նշել է վարչապետը:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքսիմալ ուշադիր լինել այդ ցուցակներին, քանի որ նախկին պրակտիկայի մեջ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել:

Դավիթ Լոքյանն էլ ասաց` ուղղակի կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել գյուղատնտեսական այդ սերմերը, պարարտանյութերը և այլն, և նրանցից ոմանք օրինակ ՀՀ-ում չեն: «12 տոկոսով է պակաս ամբողջ գումարից, 12 տոկոսը այն գյուղապետերն են, ովքեր ստացել են, չեն բաշխել կամ այլ խնդիր է եղել», - ասել է Լոքյանը: «Այսինքն՝ 12 տոկոսը հասցե չունի՞», - հետաքրքվել է վարչապետը:

«Գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը, նայեք, որպեսզի նկարչություն չլինի», - հորդորել է Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---