ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 6.000 եվրո վճարել «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 6.000 եվրո վճարել «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 14-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը՝ ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով 6.000 եվրո վճարել հայցվորին։

Ծառայակցին սպանելու մեղադրանքով դատապարտված Ալիկ Մաթևոսյանը ՄԻԵԴ էր դիմել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ու բողոքել, որ պետությունը պատշաճ քննություն չի իրականացրել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի փաստով։

Գործի հանգամանքներում նշվում է, որ 2006-ին Մաթևոսյանը գտնվել է զինվորական ծառայության մեջ։ Նույն թվականի մայիսի 2-ին Մաթևոսյանը հարցաքննվել է զինծառակից Աղվան Հարությունյանի սպանության գործով ու մեկ այլ ծառայակցի՝ Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին տեղափոխվել ՊՆ ռազմական ոստիկանություն ու պահվել այնտեղ մինչև մայիսի 12-ը։ Ռ․Հարությունյանը խոստովանել է, որ ինքն ու Մաթևոսյանն են սպանել ծառայակցին։

Մաթևոսյանը ՄԻԵԴ-ում, հենվելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, հայտնել է, որ իրեն մայիսի 1-ին տեղափոխել են ռազմական ոստիկանություն, որտեղ նա մնացել է մինչև մայիսի 20-ը։

Մայիսի 20-ին հայցվորը մեղադրվել է զինվորական կարգապահական կանոնների լուրջ խախտման և սպանության համար: Հայցվորը վիճարկել է փաստերը և պնդել, որ իրականում Ռազմական ոստիկանությունում գտնվելու ամբողջ ընթացքում նա ենթարկվել է դաժան ծեծի և խոշտանգումների ոստիկանության աշխատակիցների կողմից, ծեծի է ենթարկվել նաև Ռ.Հ.-ն և մեկ այլ ծառայող, Ռ.Հ.-ն չկարողանալով դիմանալ ծեծին, խոստովանական ցուցմունք է տվել:

Մաթևոսյանը 2007-ին դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկման, սակայն բողոքարկել է վճիռը՝ հասնելով մինչև Վճռաբեկ դատարան, որը գործը հետ էր ուղղարկել Վերաքննիչ:

2008 թվականի նոյեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը Զինվորական դատախազության բողոքի հիման վրա վերանայել է գործը և հայցվորի մեղքը փոխել է ծանր հանգամանքներում սպանության՝ պատիժը հասցնելով 15 տարվա ազատազրկման:

ՄԻԵԴ-ը գտել է, որ իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել Ալիկ Մաթևոսյանի պնդումների առնչությամբ:Տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելում)։ Որպես վնասի հատուցում ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է Մաթևոսյանին վճարի 6000 եվրո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---