Սարգսյան. Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է

Սարգսյան. Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը՝ անդրադառնալով 2016-ի ապրիլյան իրադարձություններին:

«Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:

Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ»,-ասել է նախագահը:

Նախագահը հավելել է, որ այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ: «Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում: 2015-ի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները ԱԺ օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել:

Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության: Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ»,-ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար: «Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ:

Վստահ եմ, որ սփյուռքի և հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կտան Համահայկական խորհրդի ձևավորմամբ: Այս համաժողովը նշանավորվում է նաև այդ Խորհրդի ձևավորմանն ուղղված ևս մեկ որոշիչ քայլով: Այսօր մենք ի մի կբերենք նախորդ երկու տարիներին կատարված նախապատրաստական աշխատանքները և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում կընդունենք վերջնական որոշում«,-ասել է նախագահը Հայաստան-սփյուռք համաժողովում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---