ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, ՀՀ ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։ Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոմի Սրբազան քահանայապետի շնորհավորական նամակում:

Տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ընթացիկ տարում մեր երկրները նշում են երկու նշանակալից հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով»:

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը: Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: «Ձե'րդ Գերազանցություն,ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»,- ասված է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահին շնորհավորել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերը, Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Շվեդիայի թագավոր Կառլ-Գուստավ XVI-րդը, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յաքոբը, Ավստրալիայի միության գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի Նախագահ Ռումեն Ռադևը, Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի Թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---