ՌԴ ԱԳՆ. Բաքվի արձագանքն ադրբեջանցիների համայնքային կազմակերպության փակմանը աճող տարակուսանք է առաջացնում

ՌԴ ԱԳՆ. Բաքվի արձագանքն ադրբեջանցիների համայնքային կազմակերպության փակմանը աճող տարակուսանք է առաջացնում

PanARMENIAN.Net - Բաքվի արձագանքը ՌԴ-ում գործող Ադրբեջանցիների համառուսաստանյան կազմակերպության (ԱՀԿ) փակմանը աճող տարակուսանք է առաջացնում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ, որով անդրադարձ է արվում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունը՝ Ռուսաստանում դատական կարգով Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի լուծարման վերաբերյալ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է համարում ՌԴ Գերագույն դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել Ադրբեջանցիների համառուսաստանյան կազմակերպության լուծարման մասին դատական որոշումը: «Մենք զարմացած ենք և ափսոսում ենք ընդունված որոշման համար»,-ասել էր Հաջիևը:

«Ուշադրություն դարձրեցինք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության նոր հայտարարությանը Ռուսաստանում դատական կարգով Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի լուծարման վերաբերյալ, որի պատճառն, ինչպես հայտնի է, այդ կազմակերպության կողմից ՌԴ դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումներն են»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հաջիևը շարունակում է պնդումները ՌԴ կողմից ոչ բարեկամական քայլի մասին, պնդելով նույնիսկ, որ դա ինչ-որ կերպ կարող է բարդացնել ՌԴ միջնորդական առաքելությունը ղարաբաղյան կարգավորման գործում: Դա աճող տարակուսանքից բացի ուրիշ ոչ մի բան չի առաջացնում»,-ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը երկկողմ և միջազգային փոխգործակցության լավ հեռանկարներ ունեն, որոնք հարկ չկա մթագնելու մտացածին խնդիրներով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ Գերագույն դատարանի բողոքարկման ատյանն անփոփոխ է թողել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի՝ «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի» լուծարման մասին որոշումը:

Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ ադրբեջանական կազմակերպության կանոնադրության դրույթները չեն համապատասխանում ՌԴ գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է կոպիտ խախտումների մասին, որոնցից մի քանիսն անուղղելի էին և սիստեմատիկ բնույթ էին կրում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---