Նալբանդյան. Կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է

Նալբանդյան. Կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է

PanARMENIAN.Net - Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին ԱՄՆ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պարզաբանելով Հայաստան-Սփյուռք համաժողովում ղարաբաղյան հակամարտության և որոշ տարածքներ վերադարձնելու մասին իր հայտարարությունը, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացրել:

Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»,-ասել է Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ:

Նա ասել է, որ որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ «Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։

Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ կցանկանար կրկնել նաև այն, ինչի մասին հայկական կողմը բազմիցս է ասել. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ։

Նախարարը հավելել է նաև, որ սեպտեմբերի 23-ին հանդիպում է ծրագրված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ «Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---