Գյուղոլորտում և շինարարության մեջ վերջին ամիսներին անկում է գրանցվել

Գյուղոլորտում և շինարարության մեջ վերջին ամիսներին անկում է գրանցվել

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտում անկում է արձանագրվել: Այդ մասին կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքների վերաբերյալ հանձնարարականներ տալով:

«Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը», - նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելուն, անհրաժեշտ պայմաններ ապահովելուն և այն արդյունավետ իրագործելու վրա, հայտնում է Aysor.am-ը:

«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգվելու տեղիք են տալիս», - ասել է Կարապետյանը:

Նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ պետին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալ արձանագրված անկման պատճառներին:

«Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի՝ գյուղատնտեսությունից ու շինարարությունից, ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք հետ ընկնելը», - ասել է Կարապետյանը:

«Գյուղատնտեսության մասով մեզ պետք է հասկանալ ռեալ թվերը, պետք է շատ ուշադիր անդրադառնալ դրանց», - նշել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասամբ կսուբսիդավորվեն։ Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---