Միջազգային փորձագետները պարզել են. «Նաիրիտում» խոշոր աղետի սպառնալիք չկա

Միջազգային փորձագետները պարզել են. «Նաիրիտում» խոշոր աղետի սպառնալիք չկա

PanARMENIAN.Net - Միջազգային փորձագիտական խմբի անդամները պարզել են, որ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին է ներկայացրել կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները:

Ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում:

Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման և ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:

Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գրասենյակին և միջազգային փորձագետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում վստահեցրել է, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ՝ Ուիլիամ Քրուզ-Մորեյը (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու , • Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում, Լոուրեն Նիկոլը (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:

Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---