Անկարան սպառնում է դադարեցնել նավթի տարանցումն Իրաքյան Քրդստանից

Անկարան սպառնում է դադարեցնել նավթի տարանցումն Իրաքյան Քրդստանից

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չի բացառում, որ Անկարան կարող է կասեցնել նավթի տարանցումն Իրաքի քրդական ինքնավարությունից՝ անկախության հանրաքվեի պատճառով:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է ընթանում, որին կտրականապես դեմ է Բաղդադը և աշխարհի շատ երկրներ: Սեպտեմբերի 24-ին Իրանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ, բացի այդ, Իրանը փակել է երկինքն ավիահաղորդակցության համար: Պաշտոնական Բաղդադը պահանջել է գերտերություններից իր հսկողությանը հանձնել Քրդստանի բոլոր սահմանային անցումները և բոլոր նավթային գործարքները միայն Բաղդադի հետ կնքել:

«Երբ խոսքն ազգային անվտանգության մասին է, 300-500 մլն դոլարի տնտեսական կորուստներն այն խնդիր չեն, որի պատճառով տնտեսապես այնպիսի ուժեղ երկիրը, ինչպիսին Թուրքիան է, կարող է անտեսել իր ազգային անվտանգությունը»,-ասել է Յըլդըրըմը NTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի տարածքով Իրաքյան Քրդստանում արդյունահանվող նավթի տարանցումը դադարեցնելու մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքյան Քրդստանում ընթացող անկախության հանրաքվեն, ըստ քրդական լրատվամիջոցների, բնականոն է անցնում: Ընտրատեղամասերի առաջ երկար հերթեր են գոյացել, քանի որ մարդիկ շտապում են քվեարկության: Հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի կլինեն ընտրատեղամասերը փակվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---