ՀՀ մարզերը միջազգային նորմերին համապատասխան հրշեջ գույք ու տեխնիկա կստանան

ՀՀ մարզերը միջազգային նորմերին համապատասխան հրշեջ գույք ու տեխնիկա կստանան

PanARMENIAN.Net - «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները: Այդ մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև արդեն ստորագրված և իրականացման փուլ մտած «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում՝ ԱԻ նախարարն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության խորացման և շարունակականության ապահովման կարևորությունը՝ աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի և կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման նպատակով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվելու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Կազմակերպությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգելու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---