Chessify ստարտափը ՀՀ-ն կներկայացնի Շվեյցարիայում կայանալիք Seedstars World-ում

Chessify ստարտափը ՀՀ-ն կներկայացնի Շվեյցարիայում կայանալիք Seedstars World-ում

PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։

Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:

«Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռբերումն է», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի վերջնական արդյունքներն ու հաղթողի անունը հայտարարել է ժյուրիի անդամ, միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Թհոմաս Մազեջյանը:

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն արդեն 100.000-ից ավելի ներբեռնում ունի։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու $1 մլն-ի չափով մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics և Breedge ընկերությունները։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցել են միջոցառման գլխավոր գործընկեր, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ