// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Էրեբունի-Երևան 2799»-ին նոր ծրագրեր են սպասվում. Գալա համերգ չի լինի

«Էրեբունի-Երևան 2799»-ին նոր ծրագրեր են սպասվում. Գալա համերգ չի լինի

PanARMENIAN.Net - Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի համակարգող Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով մայրաքաղաքի հիմնադրման օրվան նվիրված «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին անցկացվելիք հիմնական միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ռոքի, ջազի, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր: Այս տարի մշակութային առումով ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը: Այստեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:

««Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երևանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաև մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագրում չի ներառվել ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալա համերգը:

Անդրադառնալով «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչին` Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 2-ից կմեկնարկի մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքներին ցուցաբերվող աջակցության նախաձեռնությունը: Ծրագրում ընդգրկված են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Արդեն ավանդական դարձած Երևանի քաղաքապետի այս նախաձեռնության շրջանակում սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների կտրամադրվի կենցաղային տեխնիկա: Մեր համաքաղաքացիների կողմից ծրագիրն արդեն հասցրել է դառնալ իրապես սպասված», - հատկանշել է Արամ Սուքիասյանը:

Նաև նշվել է, որ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին կկազմակերպվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը իրենց զավակներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել
Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի, տաք և արևոտ օրեր կլինեն
Ըստ Վահան Սարգսյանի, բարմենները միշտ առանց հավելումների լավ գազավորված ջրի կարիք ունեն
Տալլինի այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Դովլաթովը հուշատախտակ է փակցված