2 հոկտեմբերի 2017 - 10:27 AMT
ՊՆ ղեկավար. ԶՈւ առաջնային խնդիրը մարտունակության բարձրացումն է

ՀՀ զինված ուժերի առաջնային խնդիրը շարունակում է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

Նա հավելել է, որ իր պաշտոնավարման մեկ տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով: «Կարևորագույնը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա առանձնացրել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի արդիականացումը: «Պայմանները, որ կան այնտեղ, լավագույնն են ու դա արդարացված է այն մարդկանց համար, ովքեր դպրոցական տարիքից որոշել են կյանքը կապել զինվորական ծառայության հետ», - ասել է Վիգեն Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը մի քանի բաղադրիչ ունի. «Դրանք են սպառազինության խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծաայության մեջ ներդնելը, կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն ու զորքի մարտունակության հետևողական բարձրացումը»: