Ավստրիական ընկերությունը կարող է մասնակցել Երևանում նոր ճոպանուղու կառուցմանը

Ավստրիական ընկերությունը կարող է մասնակցել Երևանում նոր ճոպանուղու կառուցմանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում քննարկվել են մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ:

Ողջունելով հյուրին և ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը: Այս տեսանկյունից Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումը էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:

«Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Վալերի Յաշինն իր հերթին նշել է, որ ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:

Ավելի վաղ Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ: Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները:

Ընթերցեք նաև.Նոր ճոպանուղին կարող է Երևանի բարձրադիր հատվածները կապել Կենտրոնին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---