Varsity. Փարաջանովն աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից է

Varsity. Փարաջանովն աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից է

PanARMENIAN.Net - Բրիտանական Varsity թերթը հոկտեմբերի 7-ին հոդված է հրապարակել ԽՍՀՄ ամենագեղեցիկ ֆիլմերի մասին, որտեղ հատուկ տեղ է հատկացված Սերգեյ Փարաջանովի աշխատանքներին. նա համարվում է աշխարհի ամենամեծ վիզուալ բանաստեղծներից մեկը:

«Փարաջանովը ծնվել է խորհրդային Թբիլիսիում, հայկական ընտանիքում: ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆիստի կարիերա սկսելուց առաջ, նա դարձել է քնարական կինոյի հիմնադիրը: Սոցռեալիզմի անտեսումը, ինչպես նաև Փարաջանովի անսովոր կենսակերպը, հանգեցրին նրան, որ ռեժիսորի գրեթե բոլոր աշխատանքներն արգելվեցին ԽՍՀՄ-ում», -ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը խոստովանում է, որ կրկին վերանայել է Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերներն» ու «Նռան գույնը» և վերջինը համարում է ռեժիսորի ամենաազդեցիկ ու վիճահարույց աշխատանքը:

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---