Ջոն Մալկովիչը Նարեկացի է ընթերցել. Խաչատրյանի փառատոնը մեկնարկել է

Ջոն Մալկովիչը Նարեկացի է ընթերցել. Խաչատրյանի փառատոնը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Աննախադեպ ծրագրով տրվել է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին երաժշտությունն ու գրականությունը, և այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։

Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրել է արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկելդաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։ Մաեստրո Սմբատյանի խոսքով՝ շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցել է Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որ անցկացվելու է մինչև դեկտեմբերի 11-ը, նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։

Ընթերցեք նաև.Ջոն Մալկովիչ. Երաժշտությունը համամարդկային ուժ է՝ հատկապես դասականը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---