Քոչարյան. Բաքուն հրաժարվում է միջազգային պարտավորություններից, և դա հարցի տակ է դնում ամեն համաձայնություն

Քոչարյան. Բաքուն հրաժարվում է միջազգային պարտավորություններից, և դա հարցի տակ է դնում ամեն համաձայնություն

PanARMENIAN.Net - Ինչպես կարելի է խոսել բանակցություններում առաջընացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։

«Այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն։ Նա կարող է ստորագրությունը դնել այդ համաձայնության տակ և վաղը չկատարել», - ասել է Շավարշ Քոչարյանը՝ նշելով, թե երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի վերսկսի ռազմական գործողությունները, հայտնում է Aysor.am-ը։

Բանակցություններում տեղում դոփելն էլ, ըստ փոխնախարարի, պայմանավորված է նրանով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն ի պատասխան ինքնորոշմանը։ «Եվ առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին թե ինչու է հայկական կողմը վստահության երաշխիքների բացակայության պայմաններում գնում բանակցությունների՝ Քոչարյանն ասել է. «Մենք պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա երկու հարթություն, մեկը վերաբերում է ռազմական գործողություններ չվերսկսելուն, մյուսը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետևողական ուժային քաղաքականությունը՝ ակնհայտ է, որ եռանախագահները առաջին հերթին շեշտադրումը դնում են վստահության մթնոլորտի վրա։ Ցավոք, դեռ կարգավորման հարցում առաջընթաց չի արձանագրվում և այսօր առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է»։

Սա էլ, ըստ Քոչարյանի, նշանակում է, որ Ադրբեջանի սադրանքներին պետք է վերջ դրվի. «Կամ Ադրբեջանին պետք է բերել այդ կառուցողական դաշտ, կամ էլ պետք է երաշխիքներ լինեն։ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և այս ամենը անվերջ շարունակվել չի կարող»։

Շարունակելով խոսքը՝ փոխնախարարն ասել է. «Մի 3-4 տարի առաջ մեզ ասում էին, թե «այ, Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց»։ Ակնհայտ էր, որ այդ կաշառելու գործընթացը կհասնի իր այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ»:

Նա նշել է, թե, վեջիվերջո, Ադրբեջանը գործ ունի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամի հետ, որոնք միջնորդ են հանդիսանում։ «Հիմա հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվ մեկ առաքելությունն այն է, որ պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում։ Բայց եթե իրենք միջնորդ են և միջնորդ լինելով հանդերձ՝ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներին», - ասել է Քոչարյանը՝ հավելելով, թե Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ուզում է ձերբազատվել այդ ձևաչափից։

Ընթերցեք նաև.Քոչարյան. ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---