Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնին 2000 վազորդ է մասնակցել՝ 33 երկրից

Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնին 2000 վազորդ է մասնակցել՝ 33 երկրից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն 2017-ը», որին այս տարի մասնակցում էր մոտ 2000 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ՝ 33 երկրից: Ակտիվ և առողջ ապրելակերպը խրախուսող այս նախագիծը մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների, երկրպագուների և հայ հասարակության շրջանում: Մինչ մասնակիցները հաղթահարում էին իրենց ընտրած վազքուղիները՝ 5 կմ, 10 կմ կամ 21 կմ՝ ֆիզիկապես ամենակոփվածների համար, նրանց աջակիցները մարզվում էին բաց երկնքի տակ, ինչպես նաև վայելում երաժշտական և ժամանցային ծրագրերը, որոնք ապահովել էին մարաթոնի կազմակերպիչները:

«Այս տարվա կիսամարաթոնը ևս դարձավ հիշողութուն, պարգևեց մասնակիցներին վազքի տոն: Արդյունքները դեռ ամփոփում ենք, բայց արդեն այս պահին կարելի է կասել, որ սպասումները և նպատակները իրականացել են: Որպես կազմակերպիչների՝ մեզ ուրախացնում է մի քանի փաստ. նախ ամեն տարի ավելանում է Հայաստանից վազորդների քանակը, երկրորդ՝ մեր արտասահմանյան հյուրերը մեծ հաճույքով վերադառնում են և ամեն տարի նոր դրական արձագանք թողնում»,- ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի փոխտնօրեն, «Երևան Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

Կիսամարաթոնի գլխավոր և տիտղոսային հովանավոր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նույնպես մասնակիցների թվում էր՝ հաղթահարում էր 21 կմ վազքուղին:

«Ուրախ ենք աջակցել «Երևան Կիսամարաթոնին» արդեն երկրորդ տարին, քանի որ այն հիանալի առիթ է մարդկանց միավորելու և իսկական տոնակատարություն կազմակերպելու համար՝ ոչ միայն վազորդների, այլև բոլոր երկրպագուների համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին և բոլոր մարդկանց, ում շնորհիվ այսօրվա Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն այսպիսի հաջողությամբ իրականցվեց», - վազքից հետո նշեց Քրիստոֆ Սփեքը:

Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն 2017-ի արդյունքները կայքում են:

21 կմ վազքուղու ամենաարագ վազորդներն էին.

• 1-ին տեղ՝ Խարազիշվիլի Դավիթի և Կարմանենկո Կատերինա

• 2-րդ տեղ՝ Դոունս Ֆաբե և Սարա Ֆաունթեյն

• 3րդ տեղ՝ Զիլբերշտեյն Ջիգլա և Շագիևա Ալսու

10 կմ վազքուղում լավագույններն էին.

• 1-ին տեղ՝ Մկրտչյան Երվանդ և Սպիցինա Մարիա

• 2-րդ տեղ՝ Բաիկեև Թեյմուրազ և Հարությունյան Լիլիթ

• 3-րդ տեղ՝ Մաշումյան Մհեր և Բարսեգյան Աստրիդ Մաի

5 կմ վազքուղում մրցանակներ ստացան.

• 1-ին տեղ՝ Միրզոյան Հայկ և Կուդրյավցևա Ալեքսանդրա

• 2-րդ տեղ՝ Ալեքսանյան Ռոման և Ալավերդյան էլլադա

• 3-րդ տեղ՝ Հարությունյան Հարություն և Նազարովա Անաստասիա

5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգևներից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ էր պատրաստել 10 և 21 կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ և կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին տրամադրեց մեկ տարվա բարձրակարգ Bonaqua ջրի պաշար՝ 730 լ: Այս հատուկ մրցանակին 10 կմ վազքուղու վրա արժանացան համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած Մկրտչյան Երվանդն ու Հարությունյան Լիլիթը: 21 կմ վազքուղու կին մասնակիցներից անակնկալ նվերը ստացավ երկրորդ տեղը զբաղեցրած Սարա Ֆաունթեյնը: Սարան ապրում և աշխատում է Երևանում, Հայաստան տեղափոխվել է մի քանի ամիս առաջ՝ Նյու Յորքից: 21 կմ վազքուղին հաղթահարող տղամարդկանց շարքում ամենաարագ հայաստանաբնակ վազորդն Արման Հարությունյանն էր:

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» նաև բարեգործական բաղադրիչ ուներ. գրանցումից և հովանավորությունից հավաքված գումարի մի մասն ուղղվելու է «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում էին Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն», Orange Fitness և ArmBerry ընկերությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---