Զեկույց. Վերարտադրողական առողջության հասանելիությամբ ՀՀ-ն լավագույն դիրքում է տարածաշրջանում

Զեկույց. Վերարտադրողական առողջության հասանելիությամբ ՀՀ-ն լավագույն դիրքում է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցում Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում ԱԵԿԱ (Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի) տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը:

Մասնավորապես, վերարտադրողական առողջությունը հասանելի դարձնելու առումով, Հայաստանը լուրջ արդյունքներ է գրանցել: «Երբ 2008 թվականին Հայաստանում ներդրվեցին ծննդօգնության պետական հավաստագրերը՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ, գրեթե կրկնակի ավելացան մայրական խնամքին ուղղվող հատկացումները: Այդ ժամանակից ի վեր մեր երկրում հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ է և անցնում է անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Այս առումով Հայաստանը լավագույն դիրքերում է»,- նշել է Գարիկ Հայրապետյանը, գրում է Panorama.am-ը:

Մայրական մահացության ցուցանիշով Հայաստանը դեռ առաջատար չէ ԱԵԿԱ տարածաշրջանում, բայց 2000 թվականից հետո, ըստ նրա, գրանցվել է մեծ առաջընթաց՝ մոտ 3 անգամ նվազել է մայրական մահացությունը: Եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100.000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 60-ից ավելի դեպք, ապա 2015 թվականին՝ 19.6 մայրական մահացության դեպք:

Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը, ապա Գարիկ Հայրապետյանի խոսքերով, ամբողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝ ի վնաս կանանց: ԱԵԿԱ տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում:

Ըստ նրա՝ Հայաստանն Ադրբեջանի և Ալբանիայի հետ գտնվում է ավելի բարվոք վիճակում: «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։ Այսինքն՝ կանայք 36 տոկոսով ավելի քիչ եկամուտ ունեն, քան տղամարդիկ: Հայաստանը միջինից մի քիչ ցածր է, բայց տարածաշրջանում ամենավատ դիրքերում չէ»,- նշել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքին, Գարիկ Հայրապետյանն ասել է, որ ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է, Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է. «Ադրբեջանում կարծում են, որ միայն տղամարդը պետք է աշխատանք ունենա: Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն այնտեղ ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն այդքան էլ բարձր չէ»։

Հայաստանում էլ, ըստ նրա, գտնում են, որ առաջնային տղամարդը պետք է աշխատանք ունենա, իսկ կրթության առումով էլ մեր երկրում մտածում են, որ թե կինը, թե տղամարդը պետք է հավասարաչափ կրթություն ստանան:

Զեկույցում ներկայացված են նաև դեռահասների հղիության վերաբերյալ տվյալներ: ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ «1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Միայն Ադրբեջանում է, որ վերջին 15 տարիներին այդ ցուցանիշը բարձրացել է, մնացած բոլոր երկրներում այդ ցուցանիշը նվազել է»,- ասել է Գարիկ Հայրապետյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---