ԵԽԽՎ անդամը 15.000 եվրո է ստացել Բաքվի շահերը պաշտպանելու համար

ԵԽԽՎ անդամը 15.000 եվրո է ստացել Բաքվի շահերը պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված գերմանացի պատգամավորի գործով նոր բացահայտում է արվել: «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում կաշառված քաղաքական գործիչների շարքում էր հայտնվել նաև գերմանացի պատգամավոր, Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը: Նա նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է:

Կարին Շտրենցը նվազագույնը 15.000 եվրո էր ստացել Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական լոբբիստական ընկերության կողմից, գրում է Panorama.am-ը Das Erste-ի վրա հղումով:

Ընկերությունը պատկանում է Քրիստոնեա-սոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, որը 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800.000 եվրո։

Նշվում է, որ Շտրենցը ԵԽԽՎ-ում մշտապես աչքի է ընկել Ադրբեջանին աջակցելով:

Նոր բացահայտումները ցույց են տվել, որ Շտրենցը նաև «շահերի բախման» կեղծ հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին, ինչպես արել էր նաև բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը: Սակայն, ինչպես գրում է կայքը, Դեստեքսը հրաժարական տվեց ԵԽԽՎ-ից ադրբեջանական կապի բացահայտման արդյունքում, մինչդեռ Շտրենցը շարունակում է պաշտոնավարել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---