«Դվինի» վերակառուցումը կավարտվի մինչև 2018-ի սեպտեմբերի 1-ը

«Դվինի» վերակառուցումը կավարտվի մինչև 2018-ի սեպտեմբերի 1-ը

PanARMENIAN.Net - «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2018 թ. սեպտեմբերի 1-ը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 18-ին այցելել է «Դվին» հյուրանոցային համալիրի շինհրապարակ:

ՀՀ կառավարությունը 2016 թ. մայիսի 5-ին կայացած նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրն իրականացնում են «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ն:

Ծրագրի համաձայն՝ «Դվինի» վերակառուցումն իրականացվելու է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում ստեղծվելու է հյուրանոցային համալիր, որը կլինի Երևանում նման դասի միակ կառույցը՝ 55000 քառ. մետր ընդհանուր մակերեսով:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 42 մլրդ դրամ, նախատեսվում է առնվազն 400 աշխատատեղի ստեղծում: Ընդհանուր համալիրը կվերանվանվի և հանդես կգա նոր՝ «Դավիթ Բեկ» բրենդով:

Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու են կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը, ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի ավելի մեծ չափսը, ժամանակակից և բացառիկ հյուրանոցային ենթակառուցվածքը: Նոր շենքում նախատեսվում է ունենալ մոտավորապես 200 հյուրանոցային համար:

Համալիրը ներառելու է նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ և կառույցներ, այդ թվում նաև՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»)՝ բազմահարկ մասնաշենք, որում կլինեն առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Կառուցվելու են նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Կարապետյանը շրջել է շինհրապարակի տարածքում, ծանոթացել շինարարության և, մասնավորապես, երկաթբետոնե աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել հյուրանոցային համալիրի կառուցվածքի և հետագա քայլերի վերաբերյալ:

Ընթերցեք նաև. «Դավիթ Բեկ» դարձող «Դվին» հյուրանոցը.Ներդրողը` օֆշորից, ճարտարապետը` Կանադայից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---