Մերկելը կողմ է ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման համար Թուրքիային հատկացվող գումարը կրճատելուն

Մերկելը կողմ է ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման համար Թուրքիային հատկացվող գումարը կրճատելուն

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է, որ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման համար Թուրքիային հատկացվող գումարները կրճատվեն: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

Ըստ Մերկելի, քաղաքական գործընթացներին Թուրքիայում ժողովրդավարության տեսանկյունից կարելի է միայն «ծայրահեղ բացասական» գնահատական տալ: Նա նշել է, որ խոսքը ոչ այնքան Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության բազմաթիվ դեպքերի մասին է, որքան այն, որ իրավական պետությունը Թուրքիայում ընդհանուր առմամբ սխալ ուղղությամբ է զարգանում, գրում է Deutsche Welle-ն:

Եվրամիության բյուջեում 2014-2020թթ. համար մոտ 4,5 մլրդ եվրո է նախատեսված, որից 1,6 մլրդ եվրոն՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապատրաստման համար, և 1,5 մլրդ եվրո՝ տնտեսական ու տարածաշրջանային նախագծերի համար: Այժմ ԵՄ-Թուրքիա բանակցությունները սառեցված են:

Միևնույն ժամանակ Մերկելը հայտարարել է, թե Անկարան հսկայական ջանքեր է գործադրում փախստականների ընդունման հարցում: Մինչ օրս Թուրքիան 3 մլրդ եվրո է ստացել ԵՄ-ից փախստականների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---