Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել

Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն է բացվել:

Բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին:

«Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները:

Առանձնակի կարևորելով Երևանում նման կենտրոնի հիմնումը` միջոցառման բանախոսները նկատել են, որ առողջական ծանր այս հիվանդությամբ տառապող անձինք բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չեն ունենա, ինչն, անշուշտ, ինչպես ֆինանսական, այնպես էլ լեզվի չիմացության հետ կապված որոշակի խնդիրներ է միշտ ստեղծել: Նաև նշվել է, որ Հայաստանից ժամանած մեծ թվով հայերի Փարիզում ընդունած բժիշկն այսուհետ մասնագիտական իր հմտությունները կիրացնի հենց հայրենիքում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Կենտրոնն ապահովված է բարձրակարգ բուժծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով: Հարկ է նշել, որ կենտրոնը նպատակ ունի նաև օժանդակել քաղցկեղով հիվանդ ունեցող խոցելի ընտանիքներին՝ աջակցելով նրանց ֆինանսական միջոցների հայթայթման հարցում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---