Նալբանդյան. ՀՀ-ն իր նպաստն ունի անվտանգության ապահովման միջազգային ջանքերում

Նալբանդյան. ՀՀ-ն իր նպաստն ունի անվտանգության ապահովման միջազգային ջանքերում

PanARMENIAN.Net - Հայաստանն իր նպաստն է բերում խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյա հոբելյանների կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Նալբանդյանը հավելել է, որ քառորդ դար առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի դրոշը, և Հայաստանը համալրեց Միավորված ազգերի կազմակերպության բազմանդամ ընտանիքը:

«Այսօր ես մասնակցեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը։ 20-րդ դարի այդ մեծանուն պետական գործչի անունը սերտորեն կապված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հետ, և պատահական չէ, որ նրա պատվին լսարանն է անվանակոչվում հենց այս հոբելյանի տոնակատարության շրջանակներում։

Անդամակցելով ՄԱԿ-ին՝ Հայաստանի հավաստեց իր վճռականությունը՝ կառուցելու հասարակություն՝ լիովին հավատարիմ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին: Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որը կոչ է անում միավորվել` պահպանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացնելու պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները` հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա: Այս հանձնառությունների ամբողջական և անշեղ իրագործումը բոլոր պետությունների պարտավորությունն է, որը նրանք ստանձնել են իրենց անդամակցությամբ: Հայաստանը հավատարիմ է դրանց, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համատեքստում», ասել է նախարարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ դա է ընկած նաև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության հիմքում: Առաջին հերթին սա վերաբերում է ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգին մեր հանձնառությանը: Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:

Նախարարը նշել է, որ Հայաստանն իր նպաստն է բերում նաև խաղաղության պահպանման, խաղաղաշինության և անվտանգության ապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերում՝ մասնակցելով Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:

«Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին արձագանքելու արդի գլոբալ մարտահրավերներին, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված խնդիրներին լուծումներ գտնելուն:

Արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ անուրանալի դերակատարություն է ունեցել մեր երկրի զարգացման և բարեփոխման գործում: Այս 25 տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք ՄԱԿ-ի աջակցությունը և ներկայությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի: Իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր:

Ինչպես քարորդ դար առաջ, այսօր նույնպես, հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին և գախափարներին՝ այս գլոբալ կառույցն ընկալելով որպես խաղաղության և զարգացման փարոս: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն այս համամարդկային արժեքներին և պատրաստակամ է շարունակել մեր համատեղ ուղին»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---