Սերժ Սարգսյան. ՀՀ ԶՈւ կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է

Սերժ Սարգսյան. ՀՀ ԶՈւ կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ունեցած ելույթում:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ:

Նա հավելել է, որ հայկական բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները, սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան: «Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող:Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»:

Նա անշել է, որ ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: 7 տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի:

Ըստ նախագահի, արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների:

«Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով:

Հաջորդ տարվա բյուջեում, ինչպես գիտեք, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ»,-ասել է նախագահը:

Սարգսյանը հավելել է նաև, որ պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար. այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: «Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են, ասել է նա»:

Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---