27 հոկտեմբերի 2017 - 10:48 AMT
Ազնավուրին Իսրայելում պարգևատրել են հրեաներին փրկելու համար

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի մեդալով, որը շնորհվել է նրան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին փրկելու համար: Այդ մասին հայտնել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մամուլի ծառայության ղեկավարը:

93-ամյա արտիստին մեդալը հանձնվել է Երուսաղեմում՝ նախագահի նստավայրում:

«Ազնավուրը պարգևատրվում է Հոլոքոսթի ժամանակ իր ընտանիքի մարդասիրական գործունեության համար, որն ապաստան է տվել նացիստների կողմից հետապնդվող մարդկանց: Այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Շառլը և նրա քույրը Աիդան»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մեդալը կրում է այն շվեդ դիվանագետի անունը, որը հազարավոր հրեաների է փրկել նացիստներից Հունգարիայում:

«Ձեր ընտանիքն արիության հրաշալի օրինակ է, իմ թանկագին բարեկամ: Հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա դա և հավերժ երախտապարտ կլինի ձեզ և ձեր ընտանիքին»,-ասել է Ռիվլինը, որը մասնակցել է արարողությանը:

Ազնավուրը պատասխան խոսքում իր սերն է հայտնել Երուսաղեմի հանդեպ և խոսել է իր հայկական արմատների մասին: «Հայերն ու հրեաներն այնքան ընդհանրություններ ունեն, վշտի և ուրախության պահին, աշխատանքում, երաժշտության, արվեստի մեջ, լեզուներ սովորելում, այն առումով, որ կարևոր մարդիկ են դառնում իրենց հյուրընկալած երկրներում»,-ասել է շանսոնյեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմեբրի 28-ին Ազնավուրը համերգ կտա Թել Ավիվում:

Ազնավուրի ընտանիքը սերտ կապեր է ունեցել ֆրանսիական դիմադրության Միսաք Մանուշյանի խմբի հետ: Ազնավուրներն ապաստան էին տալիս Փարիզի իրենց բնակարնում հայերին, հրեաներին, նացիստների կողմից հետապնդվող բոլոր մարդկանց,՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: