// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ո՞ւր եք գնում. չէ, ես մոտիկ տեղեր չեմ քշում». Yandex.Taxi-ի վարորդները համը հանում են

«Ո՞ւր եք գնում. չէ, ես մոտիկ տեղեր չեմ քշում». Yandex.Taxi-ի վարորդները համը հանում են

PanARMENIAN.Net - «Պատվերն ընդունված է, Mercedes Benz *** մեքենան կմոտենա 1-3 րոպեից»: Քարտեզի վրա ցույց է տալիս, որ մեքենային մեր շենքից կես խաչմերուկ է բաժանում: Մտածում եմ՝ հիանալի, հեսա շուտ կհասնի, աշխատանքից չեմ ուշանա: Մեկ էլ զանգ: Միանգամից մտքովս անցնում է՝ օ, ոչ~ էլի հարցնելու է՝ ուր ենք գնալու: Չսխալվեցի: Սովորությանս համաձայն պատասխանում եմ՝ «եկեք, տեղում կհասկանանք»: Սովորաբար այս արտահայտությանս պատասխանում են «լավ», ավելի հաճախ՝ «պատվերը չեղարկեք, ես մոտիկ տեղեր չեմ քշում»: Ծանո՞թ իրավիճակ է: Կարծում եմ՝ այո, անունն էլ Yandex.Taxi է: Բայց այսօրվա վարորդն ուղղակի Level God էր: Սովորական պատասխանիս ասաց՝ «Ի՞նչ ա նշանակում՝ եկեք, տեղում կհասկանանք»: Պատասխանիս էլ, թե ինչ է նշանակում՝ ո՞ւր եք գնում, ասաց. «որովհետև կարողա պատվերը 200-300 դրամ ա, ես էլ չեմ քշում մոտիկ տեղեր: Կարողա՞ գիտեք՝ մենակ դուք եք»: Հա, կարողա գիտեմ: Որովհետև այդ պահին՝ ինձ համար կարևոր է, որ մեքենան գա ու ես առանց ուշանալու հասնեմ աշխատանքի, քանի որ եթե պետք է ևս 10 րոպե կորցնեմ նոր մեքենայի սպասելու վրա, ուրեմն ավելի լավ է լիքը ցված ավտոբուսով տեղ հասնեմ՝ ավելի արագ էլ կլինի:

Ու նման առավոտներ շաբաթվա կտրվածքով մի քանի անգամ են լինում, իսկ թե քանի նման դեպք է եղել Yandex.Taxi-ի՝ Հայաստան մուտքից, էլ չեմ էլ կարողանա հաշվել: Ընկերությանը մեկնաբանություններ գրելն արդեն անիմաստ է՝ եթե սկզբում պատասխանում էին ու 200 դրամ այսպես կոչված բոնուս տալիս, որոնք երբևէ չեմ էլ օգտագործել, հիմա չեն էլ արձագանքում:

Ինչո՞ւ եմ շարունակում օգտվել: Որովհետև ճանապարհս կարճ է, ամեն օր ոտքով գալ չեմ հասցնում, մեքենան, ամեն դեպքում, արագ է մոտենում ի տարբերություն այլ տաքսիների [քանի որ հուրախություն Yandex-ի՝ մեքենաները շատ են], և ամեն դեպքում՝ բոլոր վարորդները չեն այդպիսինը: Բոլորն են բողոքում, բայց նմանատիպ պատճառներով շատերն են շարունակում օգտվել:

Ուղղակի ամիսներ շարունակ մի բան չեմ հասկանում՝ եթե գիտեն, որ փոքր տարածությունների համար պատվիրողները շատ են, իրենք էլ մեղմ ասած չեն նախընտրում 200-300 դրամի համար երկու խաչմերում անցնել, էլ ինչու՞ են գալիս Yandex վարելու: Կամ ինչո՞ւ ընկերությունն իր վարորդներին աշխատանքի ընդունելիս չի զգուշացնում, որ չզանգեն հաճախորդին՝ հարցնելու, թե ուր է գնում: Ես վստահ եմ, որ այս հարցով բողոքներն անթիվ են, քանի որ ամեն երրորդ վարորդն այդպես է ասում:

Այն մասին, որ սպասարկման ոլորտում մեզ մոտ առաջխաղացումը շաաատ դանդաղ է գնում, միշտ եմ ասում: Լինի դա տաքսիի կամ երթուղայինի վարորդ, մատուցող, խանութի վաճառող, կոշկակար կամ մեկ այլ սպասարկող: Մենք էլ դե հաշտվում ենք, չէ՞ որ կոպեկներ են ստանում, մեղկ են: Չէ: Կներեք, բայց մեղկ չեն, որովհետև նույն Yandex-ի վարորդը չի մտածում այն մասին, թե՝ «ջահել աղջիկ է, ու պետք չէ առանց իր համաձայնության 100 դրամով պակաս մանր տամ», կամ խաբել, թե մոտը մանր չկա: Հարցն այդ 100 դրամը չէ, շատ ժամանակ ինքս եմ այդ 100 կամ 200 դրամն իրենց թողնում: Հարցը դիմացինի աշխատանքը հարգելն է, ու առհասարակ, դիմացինին հարգելը: Ու դա արդեն մասնագիտությունից անկախ, քանի որ եթե դու վերցնում ես քո Mercedes մակնիշի ավտոմեքենան ու գալիս ես տաքսի քշելու, ուրեմն դա քո ընտրությունն է, ոչ թե իմ, ու երբ ես մեքենա եմ պատվիրում, ինձ չի հետաքրքրում, որ դու չես ուզում 300 դրամ վաստակել, քանի որ ես, ամեն դեպքում, վճարում եմ այդ ծառայության դիմաց, բայց փոխարենն ամեն անգամ նյարդայնացած եմ աշխատանքի հասնում, իսկ այդպես չպիտի լինի, որովհետև, նորից եմ կրկնում՝ ես վճարում եմ ծառայության դիմաց, իսկ վճարելուց ուզում եմ եթե ոչ գերազանց, ապա գոնե նորմալ սերվիս ստանալ:

Ինչևէ. այսուհետ վարորդներն ինձ էլ չեն զանգի: Հուսամ՝ չեն զանգի: Ինչքան էլ չուզեի [հասցեն բացատրել կա, այլ հարց տալ կա], բայց ակտիվացրի միայն ծայրահեղ դեպքում ինձ զանգելու կոճակը: Հուսամ, հետագայում այդ «ծայրահեղ դեպքը» չի լինի «ո՞ւր եք գնում» հարցը տալը:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Դեպի Իսպանիա վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝
Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը
Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը հատկացվելու է շինարարարական աշխատանքներին