Իռլանդական Բարեկենդանը, կամ ինչ չգիտեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ձգտողները

Իռլանդական Բարեկենդանը, կամ ինչ չգիտեն Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ձգտողները

PanARMENIAN.Net - Թե բա՝ «ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուինին», ասում են մեր հայուգենիստ քրիստոնյա հայրենակիցները և ի նշան բողոքի ու վրդովմունքի տարածում են այդ գրվածքով նկարները Ֆեյսբուքով մեկ:

Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը: Որոշ երկրներում՝ պաշտոնապես, մեծ շուքով և պահպանելով հին ավանդույթները (դիմակավորված տներով շրջելով ու քաղցրավենից հավաքելով), այլ երկրներում ավելի համեստ՝ միայն ակումբափաբային դիմակահանդեսների մակարդակով: Հայաստանում ևս արդեն բազում տարիներ այս տոնը նշվում է ակումբներում և փաբերում, անցկացվում են թեմատիկ միջացառումներ, երիտասարդները վախենալու կամ ուրախ կերպարանքներով շրջում են փողոցներով, լուսանկարվում, ուրախանում, պարում, զարմացնում ոչինչ չկասկածող տաքսիստներին, որոնք խաչակնքվելով և սրբերի նկարներով զարդարված, մատուռ հիշեցնող տաքսիներով այդ օրը տեղափոխում են վհուկներին, սեքսուալ փիսիկներին, գերանդիներով մահերին, մումիաներին և խրախճանքի մյուս մասնակիցներին տներից փաբեր ու հակառակ ուղղություներով:

Իսկ տոնից մի քանի օր առաջ սկսվում է ավանդական նախահելոուինյան սռաչը (ավելի հայեցի անվանում այս երևույթը դեռ չի ստացել), որի շրջանակներում ֆեյսբուքահայությունը բաժանվում է 2 թիմի. առաջինի մասնակիցներն ադեկվատ մարդիկ են, որոնք որևէ վատ բան չեն տեսնում դիմակահանդեսի և ուրախանալու մեջ, երկրորդ թիմի հայուգենիստները, թերևս, դավադրությունների տեսությունների ավանդական հետևորդներն են, որոնք վախենում են գրեթե ամեն ինչից՝ մասոններից, պատվաստումներից, միասեռականներից, եվրոպական արժեքներից, ուրախանալուց, լավ ապրելուց, ռոք երաժշտությունից, առանց փորձելու թեմային ծանոթանալ՝ վայնասուն են բարձրացնում և ասում հայ ազգի մոտակա բնաջնջման ողբը:

«Մենք հայ ենք, ուստի չպիտի նշենք օտարազգի տոներ», ասում են նրանք՝ չհրաժարվելով Սուրբ Վալենտինի նվերներից: «Մենք քրիստոնյա ենք, մեզ հարիր չէ», ասում են առանց իմանալու, որ կելտական այդ հին տոնն այժմ նշում են մեզանից ոչ պակաս քրիստոնյա իռլանդացիներն ու շոտլանդացիները, իսկ մենք էլ ունենք հեթանոսական շրջանից մնացած տոներ, որոնք մինչ այժմ սիրով նշում ենք, օրինակ՝ Վարդավառը: Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ ձգտող մարդիկ չեն փորձում գուգլել և կարդալ տոնի մասին, չեն փորձում հասկանալ խորհուրդը (ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի՝ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայ․՝ բոլոր սրբերի երեկո) բառի կրճատ ձևը), անգամ չեն գիտակցում, որ Հայաստանում այս տոնը նշվում է առանց որևէ խորհրդի, զուտ որպես ուրախանալու ևս մեկ առիթ: Զարմանալի է, որ այդ քրիստոնյաները երբեք չեն փորձում «որկրամոլությունը մեղք է, ես քրիստոնյա եմ և դեմ եմ քյաբաբ խեղդելուն» պաստառով մոտենալ ռեստորաններում ողջ օրն անխնա սնվող և միայն այդ մտքով ապրող որևէ հաստափորի, մտքներով անգամ չի անցնում:

«Դա սատանիստական տոն է, նրանք մեռելների կերպարանքներով են». գոռում են նրանք ու գնում Աստվածաշնչի պատվիրանները մոթելներում խախտելու մի երկրում, որտեղ կան մեռելոցներ ու մարդիկ տարին մի քանի անգամ կառավարության պարտադրանքով այցելում են գերեզմանոցներ՝ մահացած հարազատներին տեսակցության (մի պահ մտածե՛ք ուղղակի, պետությունն է որոշում, երբ գնանք՝ մեր մեռելներին տեսնենք, դուք էլ ասում եք՝ Հելոուին): «Սա դեմ է Աստծո խոսքին»՝ ասում են այն հասարակության անդամները, որտեղ ընդունված է դավաճանել կանանց, տան ունեցվածքը թողնել կազինոներում, գնալ վախ չափողի, մոմ թափողի և ոգեխոսությամբ զբաղվողի մոտ, հավատալ սև կատվի, դատարկ դույլի, թափված աղի տեսություններին և այլ սնոտիապաշտություններին:

Այնինչ մենք ունենք հեթանոսական շրջանից մեզ մնացած Բարեկենդան, որը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակահատվածում։ Դուք միգուցե զարմանաք, բայց այն բավականին նման է Հելոուինին՝ թե՛ խորհրդով, թե՛ անցկացման ձևով:

Բարեկենդանի խորհուրդն է չարի և բարու պայքարը, տոնի անբաժան մասն են խաղերը, պարերը, տիկնիկներն ու դիմակավորումը: Բարեկենդանի ժամանակ մարդիկ հնարավորություն ունեին ծպտվելու և կերպարանափոխվելու։ Հաճախ դա ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ («Совпадение? не думаю»,- ինչպես կասեր Կիսելյովը)։ Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը։ Այդ կերպարը մարմնավորողները երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթվում և, ձեռքին երկար ձող կամ ակիշ բռնած, մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում մեյմունը տանտիրոջից մի ընծա էր ստանում և հեռանում։ Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը` մեծերի, երբեմն էլ` ծաղրածուի: Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով, ալյուրով ու ածուխով (ինչ-որ բան է հիշեցնում, տեսնես՝ ի՞նչ):

Սա էլ մեր ավանդույթն է, հին, միգուցե ավելի հին, քան կելտերինը, սա ընդունելի է Հայ առաքելական եկեղեցու կողմից, այսպես են ուրախացել մեզանից ոչ պակաս, և նույնիսկ ավելի հայեցի հայերը, մեզանից ոչ պակաս քրիստոնյա հայերը, իսկ դուք ասում եք՝ Հելոուին: 21-րդ դարում, երբ տեղեկատվություն ստանալն այդքան հեշտ է դարձել, առանց փաստերի խոսելն առնվազն ծուլության ու հիմարության նշան է, համաձայն չե՞ք:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---