ԱԻՆ-ի «911» համարին զուգահեռ կգործի փրկության ևս մեկ հեռախոսահամար՝ «112»-ը

ԱԻՆ-ի «911» համարին զուգահեռ կգործի փրկության ևս մեկ  հեռախոսահամար՝ «112»-ը

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ի «911» արտակարգ համարին զուգահեռ կգործի փրկության ևս մեկ հեռախոսահամար՝ «112»-ը: Այդ հարցը քննարկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները:

Օրակարգում քննարկվել են բջջային օպերատորների միջոցով տարբեր աղետների և վտանգների դեպքում բնակչության ազդարարման և իրազեկման համակարգերի արդիականացման և բարելավման հնարավորությունները, ինչպես նաև՝ «911» արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի և կիրառվող «112» փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառությունը:

«112» ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և «911»-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում: «112» փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: «112»-ը առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:

Միջազգային ճանաչելիությունից բացի՝ «112»-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աղետների և վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---