Նարեկ Սարգսյան. Հին քաղաքի հատվածներ կստեղծվեն նաև Կոնդում և «Դոլմամայի» հարևանությամբ

Նարեկ Սարգսյան. Հին քաղաքի հատվածներ կստեղծվեն նաև Կոնդում և «Դոլմամայի» հարևանությամբ

PanARMENIAN.Net - «Հին Երևանի» մասով երկու հիմնական ծրագիր կա, որոնցից մեկի ներդրումները գերազանցում են 150 մլն դոլարը, իսկ մյուս ծրագիրը նախատեսում է Հին Երևանի հատված ստեղծել Կոնդում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

«Կարող եմ ասել, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ծրագիրը վերջնական սկսված է։ Տերյան փողոցի մասով, Բուզանդի և Արամի հարակից մասում սկսված է ստորգետնյա շինարարություն։ Այն մի քանի տեղում սկսված է և լայն թափ կստանա։ Մյուս տարի կտեսնենք, որ «Հին Երևանի» մասով լայնածավալ աշխատանքներ կսկսվեն», - ասել է Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ մասնավոր ներդրողն արդեն հայտնի է և նրա հետ կա կնքված պայմանագիր, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ Սարգսյանի, մյուս ծրագիրը նախատեսում է Հին Երևանի հատված ստեղծել Կոնդ թաղամասում։

«Ցանկալի է այստեղ տուրիստական հատվածը պահպանել և լավ է, որ ներդրողները, որոնց հետ հիմա աշխատում ենք, գիտակցում են, որ ցանկալի է տուրիստական այդպիսի հատված պահպանել», - նշել է նա։

Նարեկ Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ծրագիրը կյանքի կոչել։

Սարգսյանի խոսքով՝ հին Երևանի ևս մեկ հատված նախատեսվում է ստեղծել Պուշկինի փողոցի վրա՝ «Դոլմամա» ռեստորանի հարևանությամբ։

«Բոլոր այն հատվածները, որոնք հնարավոր է հին քաղաքի մաս դարձնել, մեր անմիջական ուշադրության կենտրոնում են», - ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---