Երբ արջ պահելն ավելի ձեռնտու է, քան երեխա ունենալը. Ու՞ր են գնալու բրիտանացիների փողերը

Երբ արջ պահելն ավելի ձեռնտու է, քան երեխա ունենալը. Ու՞ր են գնալու բրիտանացիների փողերը

PanARMENIAN.Net - Օրեր առաջ Daily Mail պարբերականն անդրադարձավ Հայաստանում անմարդկային պայմաններում պահվող արջերի թեմային: Ըստ պարբերականի՝ Հայաստանում մոտ 80 արջ է պահվում ռեստորաններում, խանութներում, բենզալցակայաններում և այլ օբյեկտներում:

Երկրում միանգամից բարձրացավ վրդովմունքի և «իսպանական ամոթի» (երբ ամաչում ես դիմացինի արածի համար) մեծ ալիք, կարծես՝ մինչ բրիտանական պարբերականի անդրադարձը մենք չգիտեինք փոքր վանդակներում այցելուներին զվարճացնելու համար պահվող արջերի մասին: Ինչպես մեզ մոտ հաճախ է լինում նման դեպքերում, հանրությանն ավելի շատ սարսափեցրեց ոչ թե հենց կենդանիներին վատ պայմաններում պահելու փաստը, այլ այն, որ դրա մասին իմացավ աշխարհը. մենք ունենք այդ՝ «թուրքը չտեսնի՝ չուրախանա» գաղափարով շարժվելու վատ խասյաթը:

Ինչևէ, շնորհակալություն պարոն... է՜, Daily Mail-ին նաև մեր բնապահպանության նախարարության աչքերը բացելու համար. այդ մեծ աղմուկից օրեր անց Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխեցին Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի վանդակի չափերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» պահանջներին (պարզվում է՝ մենք այդպիսի օրենք ունենք): Դե քանի որ Daily Mail-ի ֆոտոների վրա հենց «Արջանոցն» էր, տրամաբանական է, որ նախարարությունն սկսեց այդ վայրից: Եվ, սովորության համաձայն, արվեց փոքր քայլ հանրությանը լռեցնելու համար (չենք մոռանում, որ պարբերականը մոտ 80 կենդանու մասին էր գրել, ամեն մեկս էլ, եթե փորձենք արագ հիշել, առնվազն մի 5-6 տեղ կմտաբերենք, որտեղ պահվում են արջեր): Ի դեպ, պարբերականը գրել էր նաև, որ բրիտանական բարեգործական՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR), արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել:

«Բարեգործական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել մոտ 4000 եվրո (£3,585)» ,- գրում է պարբերականը:

4000 եվրո, ավելի շատ, քան մեզ մոտ պետությունը տալիս է 5-րդ երեխայի համար (1,5 մլն դրամ):

Photo. Roger Allen / Silverhub

Այս դեպքերից հետո խոսեցի արջ ունեցող «օբյեկտներից» երկուսի տնօրենների հետ, հետաքրքրվում էի՝ արդյոք նրանց էլ են բան ասել բնապահպանության նախարարությունից: Մի շատ հայտնի վայրում նշեցին, որ իրենց բան չեն ասել, մյուս վայրի տնօրենը պատմեց, որ կանչեցին նախարարություն, նա էլ գրավոր կերպով ներկայացրեց՝ ինչ պայմաններում է արջը հայտնվել իրենց մոտ, եկան, ստուգեցին, գլուխները շարժեցին, մատով թեթև «ատատա» արեցին, հանձնարարեցին բարելավել պայմանները:

Ի դեպ, այդտեղ արջը հայտնվել է ոչ որսի հետևանքով, փոքր տարիքում իր թաթերով է եկել ու մնացել, կենդանաբանական այգի հանձնել չկարողացան, 2 անգամ հետ տարան անտառ, վերադարձավ՝ ձագ էր, իսկ այդտեղ ուտելու բան էին տալիս, հավանաբար կորցրել էր մորը: Այդպես էլ մնաց այնտեղ: Տնօրենի խոսքերով՝ արջի համար այդ ժամանակ բոլոր ստանդարտներին համապատասխան մեծ վանդակ կառուցեցին՝ անհրաժեշտ ամեն ինչով, որի վրա մոտ 4000 դոլար ծախսեցին, այժմ էլ առանձին աշխատող են պահում, ով կերակրում ու տիրություն է անում կենդանուն:

Հույս ունեն պայմանները բարելավելու համար ստանալ բրիտանացիքից այդ գումարը. ինձ այդ վայրի տնօրենն ասաց 8000 դոլարի մասին (չգիտեմ՝ որտեղից հայտնվեց այդ թիվը): Ասաց, որ եթե ստացվի այդ գումարը ստանալ կազմակերպությունից, կծախսեն վանդակը մեծացնելու վրա: Դե բնականաբար, ողջ գումարը դրան չի ուղղվի: Կատակեցինք, որ, փաստորեն ՀՀ-ում արջ ունենալն ավելի ձեռնտու է, քան երեխա բերելը: Միևնույն ժամանակ տնօրենը կասկած հայտնեց, որ բրիտանական կազմակերպության փողերը կհասնեն արջերին. «ճանապարհին այնքան ձեռքեր կան, որոնց միջով պիտի անցնեն», բայց հույսը չէր կորցնում:

Մենք էլ հույսներս չկորցնենք, որ մեր երկրում էլ մի օր կարգելեն կենդանի որսալը, հատկապես՝ «Կարմիր գրքում» հայտնված կենդանիներին՝ արջերին, անգղներին, անգամ եթե վերջիններս «Թուրքիայի կողմից են եկել»: Հուսանք՝ մի օր մարդիկ (հատկապես որսի սիրահար եկեղեցականները) կհասկանան, որ դա այդքան էլ լավ ̶ո̶ւ̶ ̶ք̶ր̶ի̶ս̶տ̶ո̶ն̶յ̶ա̶յ̶ի̶ն̶ ̶վ̶ա̶յ̶ե̶լ̶ զբաղմունք չէ, և կենդանիներն ավելի գեղեցիկ են ազատության մեջ, քան նեղ վանդակներում կամ տան պատերը զարդարող կտրած եղջյուրների և գլուխների տեսքով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---