Դասադուլ անող ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի հետ

Դասադուլ անող ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի հետ

PanARMENIAN.Net - Տարկետման իրավունքը վերացնող նոր օրենքի դեմ բողոքող ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ մոտ երկու ժամ է տևել: Ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի և նախարարների հետ:

Նրանք կշարունակեն դասադուլը նոյեմբերի 10-ի առավոտյան՝ ժամը 09:30-ից:

Ուսանողներից Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ իրենք այլ պայմանավորվածություն են ունեցել հանդիպման ձևաչափի հետ կապված. դրան պետք է ներկա լինեին միայն ուսանողներն ու վարչապետը, սակայն պաշտպանության և ԿԳ նախարարները նույնպես այնտեղ են եղել:

«Վարչապետն առաջարկել է գրավոր առաջարկություններ ներկայացնել օրենքի նախագծի ընդունումից հետո: Մենք կարծում ենք, որ օրենքն այս ձևով չպետք է ընդունվի, հետևաբար` մերժում ենք կառավարության այս առաջարկը», - ասել է ուսանողը:

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել օրենքից բխող մոտ յոթ տասնյակ կառավարության որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:

«Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ-որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաև այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատում են, թե՝ ոչ, դրանից գիտությունը տուժում է, թե՝ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ», - հանդիպման ընթացքում ասել է Կարեն Կարապետյանը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները նոյեմբերի 7-ի առավոտից դասադուլ են անցկացնում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---