Քոչարյան. Որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված ԼՂ կարգավորման հետ

Քոչարյան. Որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված ԼՂ կարգավորման հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովինը՝ Հայաստան, վաղուց պլանավորված էին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ինչ վերաբերում է մշակութային օրերին, դա ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր, նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ փոխարտգործնախարարն ասել է, թե ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

«Ընդհանուր առմամբ, գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել», - ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ համանախագահների ակնկալիքն այն է, որպեսզի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի: «Պետք է կողմերի միջև վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում», - ասել է նա:

Քոչարյանի խոսքով, արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը: Նա նշել է, որ համանախագահների համար անընդունելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Անդրադառնալով այն հարցին, թե եղել են արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ առաջարկություններ՝ նա ասել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահների ֆորմատի մեջ:

«Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է», - ասել է նա:

Անդրադառնալով առաջիկա հնարավոր հանդիպումներին՝ Քոչարյանն ասել է, թե այն հանգամանքը, որ երկու երկրների արտգործնախարարների հետ առանձին-առանձին համանախագահները հանդիպում են, չի բացառում, որ կարող է առաջարկ լինի կազմակերպել արտգործնախարարների հանդիպումը:«Երբ դա կլինի, կհայտարարենք», - հավելել է Քոչարյանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է ինքը նախարարը: «Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված են իմ այցերը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը նվիրված են ՌԴ կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ՀՀ և Ադրբեջանի հետ», - ասել է Լավրովը:

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---