«Խոստումը» ֆիլմն իր առաջին մրցանակն է ստացել

«Խոստումը» ֆիլմն իր առաջին մրցանակն է ստացել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը մրցանակ է ստացել Լոս Անջելեսի Human Rights Watch-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում: Asbarez-ի փոխանցմամբ՝ մրցանակը նվիրվել է ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելիի հիշատակին:

Ամերիկացի հայտնի ռոք երգիչը ինքնասպանություն էր գործել 2017-ի մայսին՝ Դեթրոյթում կայացած համերգից անմիջապես հետո: Նրան հայտնաբերել էր թիկնապահը հյուրանոցի լոգասենյակում:

Երեկոյի ընթացքում ֆիլմը և երաժշտությունը ճանաչվել են որպես հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների տարածման ինքնատիպ և ազդեցիկ աշխատանքներ:

Երեկոյի ընթացքում ֆիլմի համանուն՝ «Խոստումը» սաունդթրեքը կատարել են One Republic հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը: Դրամահավաք-երեկոյին ներկա են եղել նաև Սերժ Թանկյանը, Դևիդ Ֆորսթերը, Անժելա Սարաֆյանը, Քիմբերլի Էմերսոնը և այլ հայտնիներ:

«Խոստումը» ֆիլմ նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորել է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի համար: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել էր, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել էր նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---