ՏՏ ոլորտում նախագահի մրցանակը հանձնվել է iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելին

ՏՏ ոլորտում նախագահի մրցանակը հանձնվել է iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելին

PanARMENIAN.Net - Նախագահի նստավայրում նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության նախագահի անունից տրվել է ընդունելություն:

Թոնի Ֆադելը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի ութերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, հինգերորդը՝ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, վեցերորդը՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, յոթերորդը՝ ֆրանսիացի աշխարհահռչակ գիտնական, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Անդրադառնալով ՀՀ նախագահի մրցանակին՝ Թոնի Ֆադելը մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը և անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության:Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ և դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջև»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---