«Գլոբալ Կրեդիտը» 7% և 10% եկամտաբերությամբ պարտատոմսեր է թողարկում

«Գլոբալ Կրեդիտը» 7% և 10% եկամտաբերությամբ պարտատոմսեր է թողարկում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին «Գլոբալ Կրեդիտ»ունիվերսալ վարկային կազմակերպությունն արդեն երրորդ անգամ անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսեր կթողարկի և կտեղաբաշխի:

Առաջին տրանշով կտեղաբաշխվի $1 մլն ընդհանուր ծավալով, 7% տարեկան եկատաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով և $100 անվանական արժեքով 10.000 պարտատոմս: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 300 մլն դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան եկամտաբերությամբ, 1 տարի շրջանառության ժամկետով և 10․000 դրամ անվանական արժեքով 30․հատ պարտատոմս: Ցանկացողները կարող են ներդրում կատարել՝ առնվազն $100 և 10․000 դրամ անվանական արժեքով մեկական պարտատամս ձեռք բերելով։

«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը՝ ներկայացնելով թողարկման նպատակները, նշեց, որ 2015-ին ընկերությունն առաջին մասնավոր վարկային կազմակերպությունն էր, որը պարտատոմսեր տեղաբաշխեց։ Հետագայում այդ փորձը ցույց տվեց, որ պրոդուկտը հետաքրքիր է թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար։

«Վերջին թողարկման ժամանակ դոլարային պարտատոմսերի մասով առաջարկի նկատմամբ պահանջարկը կազմեց 166%, իսկ դրամային պարտատոմսերի մասով՝ 205%», - նշեց նա։

Իգրանյանի խոսքով, բարձր պահանջարկը պայմանավորված է ընկերության հանդեպ վստահությամբ և պարտատոմսերի գրավիչ տոկոսադրույքով, ժամկետայնությամբ, տոկոսների մարման հաճախականությամբ և այլ բնութագրերով։

Ըստ նրա, տեղաբաշխումների նպատակներից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընկերության ծառայությունների հանդեպ աճող պահանջարկի բավարարումն է։

«Նախորդ տարիների օրինակով, այս տարի ևս հավաքագրված դրամական միջոցներն ուղղվելու են վարկային պորտֆելի մեծացմանն ու գործունեության աշխարհագրության ընդլայնմանը», - ասաց նա:

Պարտատոմսեր տեղաբաշխող և մարկետ-մեյքեր «Ռենեսա» ընկերության գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը, իր հերթին, ընդգծեց երկրորդական շուկայում պարտատոմսերի շրջանառության կարևորությունը շուկայի կայացման համար։

Նրա խոսքով, «Գլոբալ Կրեդիտի» պարտատոմսերը թողարկումից հետո բավականին ակտիվ են գնվում ու վերավաճառվում։

«Երկրորդական շուկայում մինչև 2017-ի սեպտեմբեր դոլարային պարտատոմսերով 88 գործարք է արվել՝ $1,2 մլն-ի, դրամային պարտատոմսերով՝ 21 գործարք, մոտ 60 մլն դրամի», - մանրամասնեց Սարոյանը։ Նա պատմեց նաև, որ տեղաբաշխումից տեղաբաշխում համեմատաբար նվազել է գնորդ բանկերի ու մեծ կազմակերպությունների քանակն ու մեծացել փոքր ծավալներով պարտատոմսեր գնող ֆիզանձանց թիվը։ Վերջիններս սովորաբար $2000-20.000 ներդրում են կատարում։

«Տենդենցը ճիշտ ուղղության վրա է», - նշեց Սարոյանը։

Խոսելով պարտատոմսերի շուկայի զարգացման մասին, Լուիզա Իգրանյանը նշեց, որ «Գլոբալ Կրեդիտի» օրինակը ոգևորում է նաև այլ ընկերություններին:

«Շփվելով մեր գործընկերների հետ, տեղեկացված ենք, որ մի շարք այլ ֆինանսական կառույցներ լրջորեն դիտարկում և քննարկում են պարտատոմսերի թողարկման եղանակով միջոցների ներգրավման այլընտրանքային տարբերակը», - նշեց նա:

Իգրանյանը պատմեց նաև, որ ծառայությունների բարձր որակը պահպանելու, օպերատիվությունը բարձրացնելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով «Գլոբալ Կրեդիտը» ներդնում է նոր տեխնոլոգիաներ ու ավելացնում համապատասխան մասնագետների թիվը:

«Միայն վերջին 9 ամսվա ընթացքում աշխատակիցների թիվն աճել է մոտ 15%-ով», - ընդգծեց նա:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---