// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դենդրոպարկ՝ Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքում

Դենդրոպարկ՝ Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքում

PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը նոյեմբերի 20-ին այցելել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աշխատանքային խմբում եղել են գերատեսչության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և պատասխանատու այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այցելության նպատակը գիտական կենտրոնի հետ համագործակցության նոր փուլի մեկնարկն էր:

Մինասյանը շրջայց է կատարել Բյուրականի աստղադիտարանի տարածքում, ծանոթացել պուրակի ներկա վիճակին: Նախարարին ներկայացվել է նաև մեծ աստղադիտակի աշխատանքը:

Աստղադիտարանի տնօրինությունը դեռևս 2010 թվականին հանդես էր եկել իրեն պատկանող տարածքներում դենդրոպարկ հիմնելու նախաձեռնությամբ: Առաջարկի մասին տեղյակ էր պահվել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել էր օպերատիվ գործողություններ սկսել այդ ուղղությամբ:

Համագործակցությունը հետագայում խորացվելու է: Մեծացվելու է կիրառական տիեզերագիտության օգտագործումը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում` Հայաստան հրավիրելով այդ ուղղությամբ աշխատող միջազգային գիտական կենտրոնների փորձագետներին: «Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նկատել է Արծվիկ Մինասյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը իր ելույթում նշել է, որ աստղագետները շատ կարևորում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես գիշերային երկնքի` մթության պաշտպանումը արհեստական լուսավորությունից: Արծվիկ Մինասյանը նկատել է, որ Աստղադիտարանի 50 հա տարածքը հարուստ է բույսերով և կենդանիներով, և դրանց տեսակների ավելացումը կարևոր է ազգային արժեք համարվող աստղադիտարանի համար, ինչ նպատակով էլ առաջարկել են ստեղծել դենդրոպարկը:

Բնապահպանության նախարարը շեշտել է այն իրողությունը, որ Հանրապետության խոշոր գիտական կառույցը կարևորում է բնապահպանական խնդիրները, ինչը էկոմշակույթի ձևավորման ակնառու օրինակ է և ուղերձ մյուս նմանատիպ և տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Այս տեսանկյունից նախարարը օրինաչափ է համարել, որ համագործակցությունը կառուցվելու է դենդրոպարկի հիմնման գործընթացի շուրջ:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ նախարարությունն ունի դենդրոպարկերի ստեղծման հարուստ փորձ և այն կներդնի յուրօրինակ պահպանվող տարածք ստեղծելու գործում: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի դենդրոպարկերի գծով գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանը նշել է, որ ամեն ինչ կարվի ազգային արժեք գնահատված աստղադիտարանին հարիր դենդրոպարկի ստեղծման ուղղությամբ:

Նախարարը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մեկշաբաթյան ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր:

 Ուշագրավ
2019 թվականի հունիսի 1-ին կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497,394
Նպաստների վճարման համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն մոտ 6,03 մլրդ դրամ
2019-ի 5 նախընտրելի ուղղությունների թվում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանը