Եվրահանձնաժողովը կիսում է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին ԵԱՀԿ-ի տված գնահատականը

PanARMENIAN.Net - «Ես ի գիտություն եմ ընդունել փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականը, որտեղ ասվում է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ համապաստասխանել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատր Բենիտա Ֆերերո-Վալդների հայտարարության մեջ: Նա կոչ է արել Հայաստանի ժողովրդին եւ նրա առաջնորդներին ընդունել այդ փաստը: «ԵԱՀԿ առաքելությունը իր նախնական զեկույցում հայտարարել է ընտրական գործընթացի հետագա բարելավման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի ընտրությունների հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ էական առաջընթաց է գրանցվել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործում 2003 թ. նախագահաության ընտրություններում քվեարկության համեմատ` բերափոխումների արդյունքում: Աջակցությունը բարեփոխումներին Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի առանցքային առաջնայնությունն է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Եվրահանձնաժողովը կշարունակի աջակցել Հայաստանին քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների ճանապարհին: Վերջերս Երեւանում Եվրահանձնաժողովի գրասենյակի բացումը մեր շարունակվող համագործակցության գրավականն է: Ես համոզված եմ, որ Հայաստանի նոր նախագահը նոր կառավարության հետ միասին կշարունակի իրականացնել բարեփոխումները, որոնք կենսական նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ մեր հարաբերությունների ապագայի համար»,-ասվում է ԵՄ հանձնակատարի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---