ՀՀ-ն մտադիր է ոչ ալկոհոլային գարեջուր արտահանել Իրան. Դիլիջանում նոր գործարան է բացվել

ՀՀ-ն մտադիր է ոչ ալկոհոլային գարեջուր արտահանել Իրան. Դիլիջանում նոր գործարան է բացվել

PanARMENIAN.Net - Դիլիջանում բացվել է «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը:

Գործարանի արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նկատի առնելով, որ գարեջրի որակական և համային հատկանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նորաբաց գործարանի արտադրանքը ծրագրվում է արտահանել ՌԴ, ԱՄՆ, Վրաստան: Ընկերության զարգացման ծրագրերում նաև կարևոր տեղ է զբաղեցնում ոչ ալկոհոլային գարեջրի արտահանումն Իրան:

Հանրապետության նախագահը էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է, որ 10 մլն լիտր արտադրական հզորությամբ գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2,5 մլրդ դրամ: Գործարանը, որի կառուցումը սկսվել էր 2013 թվականի ապրիլից և ավարտվել 2017 թվականի սեպտեմբերին, արտադրանք է տալիս ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից:

Պետությունը ևս աջակցություն է ցուցաբերել Տավուշի մարզում այս ներդրումային ծրագրի իրականացմանը. ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների մի մասի հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 3 տարի ժամկետով:

Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս գործարանն ունի 90 աշխատող՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով, սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատակիցների թիվը կհասնի 120-ի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Շրջայցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության կազմի մեջ մտնող մյուս ձեռնարկությունների գործունեությունն ու ընկերության զարգացման հետագա ծրագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---