Հայազգի Էնդի Սերկիսը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում Շարլիզ Թերոնի հետ

Հայազգի Էնդի Սերկիսը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում Շարլիզ Թերոնի հետ

PanARMENIAN.Net - Հայազգի հոլիվուդյան դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան) երկրորդական դեր կկատարի Lionsgate կինոստուդիայի և ռեժիսոր Ջոնաթան Լևինի Flursky նախագծում, որտեղ գլխավոր դերակատարները կլինեն Սեթ Ռոգենը և Շարլիզ Թերոնը:

Ֆիլմն անհաջողակ լրագրողի մասին է՝ Ֆրեդ Ֆլարսկու, որը որոշում է նվաճել Թերոնի հերոսուհու համակրանքը, որին սիրահարված է մանկուց: Խնդիրն այն է, որ իր ցանկությունների օբյեկտը ԱՄՆ պետքարտուղարն է՝ շատ ազդեցիկ ու անհասանելի կին: Սերկիսը կատարում է հերոսի պետ մեդիամագնատի դերը, գրում է Kinomania.ru-ն:

Նկարահանումներն անցնում են Մոնրեալում:

Սերկիսի խաղին կարելի է հետևել motion-capture «Վերջին ջեդայներում» և «կենդանի» «Սև պանտերայում»:

Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրը անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ:

«Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---