«Զվեզդան»՝ հերթական սկանդալի կենտրոնում. Չեխիայի նախագահը «խելագար» է անվանել հոդվածագրին

«Զվեզդան»՝ հերթական սկանդալի կենտրոնում. Չեխիայի նախագահը «խելագար» է անվանել հոդվածագրին

PanARMENIAN.Net - Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը նոյեմբերի 22-ին «խելագար» է անվանել հոդվածի հեղինակին, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի կայքէջում: Զեմանը, որը Մեդվեդևի հետ հանդիպմանն էր բերել այդ հրապարակման պատճենը, հավելել է, որ այդ հոդվածի պատճառով իրեն նույնիսկ առաջարկում էին ընդհատել այցը Ռուսաստան:

Նոյեմբերի 21-ին «Զվեզդան» հրապարակել է «Չեխոսլովակիան պետք է երախտապարտ լինի Ռուսաստանին 1968թ. համար. «Պրահայի գարնան» պատմությունը» վերտառությամբ հոդվածը, որն ավելի ուշ հեռացվել էր առանց պատճառաբանության, սակայն, տեքստը պահպանվել է Google-ի քեշում, գրել է Deutsche Welle-ն:

Հոդվածի հեղինակն է Լեոնիդ Մասլովսկին, որը ամեն շաբաթ է հոդված գրում «Զվեզդայի» համար: Հոդվածի վերջում նշված էր, որ արտահայտված մտքերը հեղինակի անձնական կարծիքն են արտահայտում և կարող են «չհամընկնել խմբագրության կարծիքի հետ»:

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Պրահան պետք է երախտապարտ լինի Մոսկվային, քանի որ «զորքերի մուտքը Չեխոսլովակիա 1968-ին թույլ չտվեց Արևմուտքին պետական հեղաշրջում անել այնտեղ: Արդյունքում, չեխերը խուսափեցին մեծաքանակ զոհերից, որոնք միշտ լինում են պետական հեղաշրջումների ժամանակ»,-գրել է Մասլովսկին:

Զեմանը խնդրել է Մեդվեդևին հրապարակավ հավաստիացնել, որ նման մոտեցումը «ոչ մի ընդհանուր բան չունի» ՌԴ իշխանությունների դիրքորոշման հետ: «Պատրաստ եմ դա հաստատել»,-ասել է Մեդվեդևը:

Ինչպես նշում է Radio Praha-ն, իրենց վրդովմունքն են հայտնել նաև Չեխիայի ԱԳ նախարար Լուբոմիր Զաորալեկը և ՊՆ ղեկավար Մարտին Ստրոպնիցկին:

1968-ի օգոստոսի 20-ին, ժամը՝ 22։15-ին ռուսական-խորհրդային սահամանային դիվիզիանները ներխուժում են Չեխոսլովակիա, զավթում օդանավակայանը։ Ինտերվենցիային մասնակցում են 26 դիվիզիա, 5.000 տանկ և զրահամեքենա, 500.000 զինվոր և սպա։ Այսպես է Մոսկվան արձագանքում մարդկային դեմքով սոցիալիզմ կառուցելու Չեխոսլովակիայի իշխանություններին: Օգոստոսի 21-ի լուսաբացին խորհրդային-ռուսական տանկերը մտնում են Պրահա, շրջափակում կոմկուսի շենքը։ Ալեքսանդր Դուբչեկին և մի շարք պաշտոնյաների ձերբակալում են և նույն օրը տեղափոխում Մոսկվա։ Ներխուժման առաջին մի քանի օրերին զավթիչների և ցուցարարների բախումներից զոհվում են 108 և վիրավորվում ավելի քան 500 քաղաքացի, ինչպես նաև զոհվում են խորհրդային 11 զինվոր և սպա, վիրավորվում մի քանի տասնյակը։ Ներխուժմանը հաջորդող ամիսներին երկրից արտագաղթում է 300.000 մարդ։

«Զվեզդան» առաջին անգամը չէ, որ հայտնվումն է սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար, նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: Իսկ 1 օր անց հաղորդումը հանվել է եթերից: Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա»հեռուստաալիքի նախագահը ներողություն է խնդրել«Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ Հայաստանի հասցեին հնչած ոչ կոռեկտ արտահայտությունների և գնահատականների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---